ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովեցնող է անվանել Կալիֆորնիայի իշխանությունների ցանկությունը՝ վերածելու նահանգը անօրինական ներգաղթյալների համար ապաստանի։
Սպիտակ տունը հավանություն չի տվել Կալիֆորնիան անօրինական ներգաղթյալների ապաստան դարձնելու գաղափարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ Կալիֆորնիայի սենատում դեմոկրատական խմբակցության անդամները (27 աթոռ ընդդեմ հանրապետականների 13 աթոռի) առաջարկել էին վերածել Կալիֆորնիան անօրինական ներգաղթյալների համար երկրում առաջին «նահանգ-ապաստանի»։ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի ստորին պալատում մեծամասնությունը նույնպես դեմոկրատներինն է (55-ն ընդդեմ 25-ի)։
«Ես դա վրդովեցնող եմ համարում»,-ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։ «Ես դեմ եմ հանդես գալիս անօրինական ներգաղթյալների համար նահանգ-ապաստաններին։ Այնտեղ հանցավորություն և շատ այլ խնդիրներ են սերմանվում։ Եվ եթե ստիպված լինենք, մենք կզրկենք Կալիֆորնիային ֆինանսավորումից»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ որևէ մեկին ֆինանսավորումից զրկել չի ցանկանում։
Ինչպես հայտարարել է Թրամփը՝ «շատ ուղղություններով իրավիճակը Կալիֆորնիայում դուրս է եկել վերահսկողությունից»։ «Ընտրողները համաձայն են դրա հետ, այլապես իմ օգտին չէին քվեարկի»,-նշել է ԱՄՆ նոր նախագահը։