Այսօր տեղի է ունեցել ԱՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ՀԿՀ) հերթական նիստը, որը վարում էր ՀԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Հրապարակվել են հանրաքվեի վերջնական արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին փետրվարի 20-ի հանրաքվեի վերջնական՝ ամփոփիչ արդյունքների արձանագրությունը՝ 6 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատելուց և ստորագրելուց հետո Ս. Արզումանյանը ներկայացրել է հանրաքվեի վերջնական տվյալները:
«Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն, ըստ ընտրացուցակների, կազմել է 103 հազար 818: Տեղամասային հանձնաժողովների ստացած քվեաթերթիկների թիվը եղել է 105 հազար 61, գրանցված և քվեաթերթիկ ստացած քաղաքացիների թիվն ըստ ստորագրությունների՝ 79 հազար 428, մարված, չօգտագործված, ոչ ճիշտ լրացված, վնասված և հետ վերադարձված քվեաթերթիկների թիվը՝ 25 հազար 633: Քվատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 79 հազար 428, ընդ որում՝ վավեր քվեաթերթիկների թիվը՝ 77 հազար 256: «Կողմ» քվեարկածների թիվը կազմել է 69 հազար 750 կամ ընդհանուր քվերակածների 87.8 տոկոսը, «Դեմ»-ինը՝ 7686 կամ ընդհանուր քվեարկածների շուրջ 9.7 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2172. անճշտություններ չեն գրանցվել»,- ասել Ս. Արզումանյանը և նշել, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացման վերաբերյալ պաշտոնական բողոքներ չեն ստացել:
Ս. Արզումանյանի խոսքով՝ 2017 թվականի փետրվարի 20-ի Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերբերյալ հանրաքվեն կայացել է:
Արձանագրությանը միակ դեմ քվեարկած «Ազգային Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, մեկնաբանելով իրենց որոշումը, նշել է, որ հանրաքվեի քվեարկությունից հետո ահազանգեր են ստացել՝ ըստ որոնց, տեղի են ունեցել բաց քվեարկության դեպքեր և այլ խախտումներ:
ԱՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Երվանդ Հաջիյանը նշել է, որ ստեղծված են եղել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դիտորդներին և լրագրողներին ըստ պատշաճի ընդունելու համար:
«Տարբեր երկրներից ժամանած միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 13 մամլո ասուլիսներ են անցկացվել: Բոլոր միջազգային դիտորդներին անվճար տրամադրվել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսային քարտեր: Մամուլի կենտրոնի միջոցով Հայաստանից հրավիրվել են 20 լրագրողներ՝ 11 ԶԼՄ-ներից»,- ասել է Ե. Հաջիյանը: