ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում փետրվարի 21-ից Արցախի պետական համալսարանում անվճար անց են կացվում զբոսավարների (գիդ) դասընթացներ:
Ստեփանակերտում անց է կացվում զբոսավարների դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում գործող «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության հիմնադիր, դասընթացավար Արմեն Երանոսյանը հայտնել է, որ դասընթացներին մասնակցում է արցախցի 18-35 տարեկան 66 անձ:
«Դասընթացների նպատակն է Արցախի զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար պատրաստել տեղացի զբոսավարներ: Արցախցի երիտասարդը պետք է լավ ճանաչի հայրենի երկրի եկեղեցիները, բերդերը և հուշարձանները, որպեսզի կարողանա Արցախի մշակույթը լիարժեք ու հետաքրքիր ներկայացնել»,-ասել է Ա. Երանոսյանը:
Նրա խոսքով՝ Երևանում իրենց կազմակերպությունն արդեն 10-րդ տարին է, ինչ անվճար նման դասընթացներ է կազմակերպում:
«Ընդհանուր առմամբ Հայաստանում մենք դիպլոմավորել ենք շուրջ 300 ուսանող, որոնց 45-55 տոկոսը աշխատում է Հայաստանի տուրիստական տարբեր կազմակերպություններում: Քանի որ մեր հանրապետության բուհերում չեն թողարկում զբոսավարներ, մենք որոշել ենք դասընթացներ անցկացնել նաև Արցախում»,-մասնավորապես ասել է Ա. Երանոսյանը՝ տեղեկացնելով, որ դասընթացին մասնակիցները լինելու են նաև Շուշիիում, Գանձասարում, որտեղ իրենք կազմակերպելու են գործնական պարապմունքներ:
Ա. Երանոսյանի խոսքով՝ դասընթացները կազմակերպվելու են մի քանի փուլով:
Մասնակիցները դասընթացների ավարտին հանձնելու են քննություն. լավագույններին տրվելու են հավաստագրեր:
Դասընթացներին մասնակից Նունե Շահնազարյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ իրենց պարզ ու մատչելի է ներկայացվել հայոց աշխարհի կայացման ու զարգացման գործում կարևոր դեր խաղացած հայկական մշակույթն ու կրոնի պատմությունը:
«Դասընթացների ժամանակ իրենց ներկայացվել են հայրենագիտություն, կրոն, զբոսավարի էթիկա, հայոց պատմություն, ճարտարագիտություն, հայկական մշակութային արվեստ թեմաներով դասախոսություններ: Դրանք կարևոր են այն առումով, որ Արցախում նմանատիպ դասընթացներ շատ քիչ են կազմակերպվում, իսկ մենք դրա կարիքը շատ ունենք: Գործնական պարապմունքների ժամանակ մենք կիմանանք նաև թե ինչպես պետք է կազմակերպվեն էքսկուրսիաները:
Ցանկություն ունեմ դասընթացներն ավարտելուց հետո հաճույքով որպես զբոսավար աշխատել»,-հավելել է Ն. Շահնազարյանը: