Հակառակորդի կողմից արձակված արկերն ընկել են գյուղի դիտարկվող տարածքում, որը գտնվում է վերաբնակեցման ծրագրից դուրս:
Թալիշի համայնքի ղեկավարը իրավիճակի մասին վերջին նորություններն է հաղորդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը՝ խոսելով այսօր ադրբեջանական զինուժի կողմից Թալիշը արկակոծելու մասին:
«Անընդհատ կապի մեջ եմ համայնքում գտնվող տղամարդկանց հետ, ես այդ պահին համայնքում չեմ եղել: Բարեբախտաբար, համայնքը ոչ մի վնաս չի կրել, զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Պետրոսյանը և հավելեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
Վ. Պետրոսյանի խոսքով, ապրիլից հետո սա առաջին դեպքն է, երբ հակառակորդը համարձակվում է գյուղի ուղղությամբ կրակել: «Այն որևէ ձևով չի անդրադարձել Թալիշի վերաբնակեցման ծրագրին, և գյուղում այսօր էլ շարունակվել են շինարարական ընթացիկ աշխատանքները»,- ասաց Վ. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: