«Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանը հերթական նվիրատվությունն է արել Արցախին:
«Տաշիր Գրուպ»-ը Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրել է նոր սարքավորումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը, ով այս օրերին Ստեփանակերտում է՝ Հանրապետական բժշկական կենտրոնում, տեղի վիրաբույժների հետ էնդոսկոպիկ վիրահատություններ կատարելու նպատակով: Մանուկյանի խոսքով, Հանրապետական բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից էնդոսկոպիկ գործիքներով, որոնք կիրառվում են ուրոլոգիական վիրահատությունների ժամանակ.
«Կենտրոնում մինչ հիմա այդ գործիքները չկային: Դրանք թույլ կտան առանց կտրվածքների կատարել երիկամների, միզածորանների, միզապարկի և շագանակագեղձերի վիրահատություններ: Սա մի նոր քայլ է Արցախի առողջապահական համակարգում, և մենք այսօր այդ գործիքներով իրականացրել ենք մեկ էնդոսկոպիկ վիրահատություն: Նախատեսում ենք իրականացնել ևս երեքը»,-ասել է Մ. Մանուկյանը:
Հանրապետական ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Կարեն Բազյանը հավաստիացրել է, որ լապարոսկոպիկ ուրոլոգիական վիրահատությունները նվազեցնում են վիրահատական միջամտության տրավմաները: «Մեր բուժանձնակազմը հետևողականորեն աշխատում է մասնագիտական ինքնակատարելագործման ուղղությամբ` տիրապետելու համար ժամանակակից բժշկության բոլոր հմտություններին»,- ընդգծել է Կ. Բազյանը: