Ադրբեջանական կողմը երեկ` փետրվարի 26-ին, չի կարողացել դուրս բերել իր դիակները չեզոք գոտուց, քանի որ խախտել է պայմանավորվածությունը:
Ադրբեջանցիների դիակները դեռ չեզոք գոտում են, ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը. Վիտալի Բալասանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ադրբեջանական կողմը երեկ դուրս է եկել պայմանավորվածությունից: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Կարմիր խաչի եւ համանախագահների ներկայացուցիչները եղել են այնտեղ, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողացել դուրս բերել իր դիակները, քանի որ խախտել է պայմանավորվածությունը: Այսօր առավոտից բանակցությունները տեղում շարունակվում են»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Նշենք, որ հակառակորդի 5 դիակները գտնվում են չեզոք գոտում: Ըստ պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Փետրվարի 26-ին երեկոյան Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված էր Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում: