Չնայած պետական աջակցության բացակայությանն այս տարի Արցախում կատարած աշնանացան ցանքատարածությունների չափը նախորդ տարվա համեմատ այս տարի գրեթե չի փոփոխվել:
Պետական աջակցություն բացակայությունը չի ազդել աշնանացան ցանքատարածությունների չափի փոփոխմանը. ԱՀ ԳՆ մասնագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը և նշել, որ այս տարի աշնանացան ցանքատարածությունները կազմում են 53788 հա, որից 24606 հա-ը՝ գարի, իսկ 29182 հա-ը՝ ցորեն:
«Անցած տարի կատարել է 54748 հա աշնանացան ցանքատարածություն, որտեղ մեծ մասնաբաժին է ունեցել պետական աջակցությունը: 2016թ.-ին աշնանացանի համար պետական աջակցություն նախատեսված չի եղել, բացառությամբ պարարտանյութերի, որոնք ընդհանուր հիմունքներով տրամադրվել են հողօգտագործողներին: Գյուղացիները հողը մշակում են ըստ իրենց պահանջարկի»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանըև հավելել, որ նման ակտիվությունը հիմնականում պայմանավորված է եղել անցած տարվա ընթացքում արձանագրված բարձր բերքով:
Նշենք, որ անցած տարի բարձր բերք է գրանցվել՝ միջին բերքատվությունը հեկտարից կազմելով 25, 3 ցենտներ: