«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը (Levina Music) ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչը Կոմիտաս է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է Новости-Արմենիան, Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին, որպեսզի նրանք երգեն հայկական ժողովրդական երգ։ Նա առաջին հերթին դիմել է Գերմանիայի ներկայացուցչին` կատարելով գերմաներեն երգ։
«Բարև Հայաստան, ողջույն Արծվիկ։ Երջանիկ եմ մասնակցելու #CelebrateDiversityChallenge–ին և պատրաստվում եմ ձեզ և «Եվրատեսիլի» հայ երկրպագուների համար երգել հին հայկական երգ», – նշել է Մյուզիքը։
Լևինա Մյուզիքը կատարել է Կոմիտասի «Կաքավիկը» և նշել, որ այս ամենն իր համար դարձել է միաժամանակ ուրախություն և մարտահրավեր, քանի որ ստեղծագործությունը շատ բարդ էր։
«Սակայն ես հույս ունեմ, որ ձեզ դուր կգա։ Ինձ հետաքրքիր է, թե ով է լինելու հաջորդը», – նշել է Մյուզիքը: