Արցախի Հանրապետության կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում հաստատվել է «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի ստեղծման որոշումը:
«Տյաք» պատմամշակութային արգելոցը կնպաստի Արցախի զբոսաշրջության զարգացմանը. Սերգեյ Շահվերդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը իրազեկել է, որ Հադրութի շրջանի Տյաք բնակավայրը բացառիկ է այն առումով, որ այնտեղ պահպանված ու համարյա վնասված չեն 19-րդ դարում կառուցված առանձնատները:
«Արգելոցի տարածքում նոր շինարարությունների կառուցումն արգելված է, իսկ ցանկության դեպքում բնակիչների կողմից առանձնատների վերանորոգումները կատարվելու են սահմանափակումներով՝ առանց կառույցների ճարտարապետական ոճը խաթարելու»,- նշել է Ս. Շահվերդյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, արգելոցը զբաղեցնում է մոտ 6 հա տարածք:
«Գտնվելով Արցախի հարավային զբոսաշրջային երթուղու վրա՝ արգելոցը ևս խթան է հանդիսանալու Արցախում զբոսաշրջության զարգացմանը»,- ավելացրել է փոխնախարարը և ընդգծել, որ «Տյաք» արգելոցը Արցախում թվով հինգերորդն է՝ հաջորդելով «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանք», «Ազոխ» և «Հունոտի կիրճ» պետական արգելոցներին: