Մարտի 24-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան հերթական խորհրդակցությունները, որոնց արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
Խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հատուկ քննարկման առարկա են եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության վարման և այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ընդունել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով այն պետք է զարգացնել և խորացնել։