Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) աջակցությամբ վաղը՝ մարտի 26-ին, արցախցի շուրջ 275 երիտասարդներ ուղևորվելու են Երևան՝ աջակցելու հայ ֆուտբոլիստներին՝ որպես երկրպագուներ մասնակցելով Աշխարհի առաջնության 2018 թվականի ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը:
Արցախցի երիտասարդները մեծ խմբով մեկնում են Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը ասել է, որ սկսած 2008 թվականից՝ կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի խաղերին պարբերաբար մեծ խմբերով երկրպագուներ են մեկնում Արցախից:
«Արցախյան «ֆան-ակումբը» տրիբունայում 20 մետրանոց դրոշ է բացելու և ակտիվ աջակցելու է մեր ազգային հավաքականին: Բոլորս գիտակցում ենք այս խաղի կարևորությունը և փորձելու ենք մեր ակտիվությամբ նպաստել մեր տղաների հաղթանակին»,- ասել է Հ. Մնացականյանը: