«Արցախպրես» լրատվական գործակալության առաջարկով Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատրաստվել է նոր լոգոտիպ, որի հեղինակն է Թումո»-ի սան Վարդան Կարապետյանը:
Արցախի քարտեզով. «Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայանում է նոր տարբերանշանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վ. Կարապետյանը նախ նշեց, որ շատ ուրախ է, որ հենց իր աշխատանքն է ընտրվել:
«Հպարտ եմ, որ իմ աշխատանքն ընտրվել է՝ որպես «Արցախպրես» լրատվական գործակալության տարբերանշան: Դա, իրոք, մեծ պատիվ ու պատասխանատվություն է, և հուսով եմ, որ այն դուր կգա նաև կայքի ընթերցողներին»,- ասել է հեղինակը:
Խոսելով լոգոտիպի ստեղծման մասին՝ Վ. Կարապետյանը նշել է, որ ուսումնասիրել է համաշխարհային հռչակ վայելող լրատվամիջոցների լոգոտիպերը՝ «Արցախպրես»-ի նոր լոգոտիպը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
«Առաջին հերթին բնականաբար հաշվի եմ առել պատվիրատուի ցանկությունը: Միջազգային փորձից ելնելով՝ փորձել եմ, որ այն հնարավորինս պարզ լինի: Երկար մտածելուց և աշխատելուց հետո ստացվեց հետևյալը՝ Արցախի քարտեզի վրա շարեցի ԱՀ դրոշի զիգզագաձև քառակուսիները, որը նմանվեց յուրօրինակ տողերի, ինչն էլ խորհրդանշում է գրություն: Լոգոտիպը կապույտ է, որը խորհրդանշում է խաղաղություն»,- պարզաբանել է հեղինակը և հավելել, որ այն՝ որպես բրենդային ապրանքանիշ, կարելի է տեղադրել նաև նոթատետրերի, գրիչների, պայուսակների, շապիկների ու քարտերի վրա: