Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու բռնագրավման գործընթացը:
Թուրքիայում դատարանը կասեցրել է հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու բռնագրավման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին բռնագրավելու որոշումը կայացվել էր 2016թ. մարտին: Սակայն Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամն ավելի վաղ բողոքարկել էր օտարման վերաբերյալ որոշումը:
Գերագույն վերաքննիչ դատարանը եկեղեցու օտարման վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի Շրջակա միջավայրի ու քաղաքային պլանավորման նախարարություն, սակայն, հարցի առնչությամբ սպառիչ պատասխաններ չստանալով, դատարանը կասեցրել է օտարման որոշման գործողությունը:
Դատարանը նշել է, որ Սբ. Կիրակոս եկեղեցին գրանցված է Մշակութային և բնական հարստությունների պահպանության մասին օրենքով պաշտպանված անշարժ գույքի ցանկում: Դատավճռում նշվում է, որ օտարման մասին որոշումը հակասում է Լոզանի համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ համաձայնագրի՝ Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները հավասար իրավունքներ ունեն ֆինանսավորել, կառավարել կրոնական, բարեգործական և սոցիալական ինստիտուտները, մինչդեռ թուրքական կառավարությունը պարտավորվել է երաշխավորել փոքրամասնություններին պատկանող եկեղեցիների ու սրբավայրերի պաշտպանությունը: