Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելի միջոցառումների շրջանակում բացվելու է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ:
Մարսելում բացվելու է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Nouvelles d’ Armenie-ն, միջոցառումը տեղի է ունենալու ապրիլի 21-ին` տեղի ժամանակով 11:30-ին: Արարողությանը ներկա են գտնվելու Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել: