Ռուսաստանի արտգործնախարարությունը կարծում է, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի պատմության մեջ «սպիտակ բծեր» կան:
Եթե ադրբեջանական ԶԼՄ-ներն մտահոգված են Ասկերովի ճակատագրով, ապա պետք է դադարեցնեն քարոզչական աղմուկը. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի եւ տեղեկատվության բաժնի տնօրեն Ա.Կոժինը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողների՝ նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Ասկերովի հետ կապված իրավիճակի մասին հարցին, ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն «հետեւողականորեն պաշտպանում է իր քաղաքացիների օրինական իրավունքները՝ անկախ նրանց ազգությունից»: Միաժամանակ՝ նա նշել է, որ Ասկերովի դեպքում շատ հարցեր կան.
«Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի թվում է, ուր այցելելուց ՌԴ քաղաքացիներին առաջարկվում է ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, մենք սկզբունքորեն դեմ ենք այս կամ այն տարածք լրագրողների կամ քաղաքացիների խաղաղ այցերը քրեականացնելուն:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ասկերովին, ապա հարկ է նշել, որ նա (ինչպես եւ ավելի ուշ՝ Լապշինը) անտեսել է ԱԳՆ-ի՝ վերը նշված խորհուրդը: Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների այցերն արտասահման, ապա այս պատմության մեջ մեզ համար «սպիտակ բծեր» կան: Այսպես, մեզ հայտնի չէ՝ Բաքվում գիտեի՞ն Ռուսաստանի այդ քաղաքացու՝ համակարտության գոտի այցելելու մասին: Բայց փաստն այն է, որ Ասկերովի՝ Լեռնային Ղարաբաղում ձերբակալվելուց հետո նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը մենք ստացել ենք հենց ադրբեջանական իշխանություններից: Նույն կերպ վստահորեն չեմ կարող պնդել, որ Ասկերովին խրախուսել են խախտել Ռուսաստանի ԱԳՆ-ի խորհուրդը: Բայց նա ինչ-որ կերպ հատել է խնամքով պահվող «շփման գիծը», այնպես չէ?:
Եթե ադրբեջանական ԶԼՄ-ներն անկեղծորեն մտահոգված են Ասկերովի ճակատագրով, ապա առաջին հերթին պետք է դադարեցնեն նրա գործի շուրջ քարոզչական աղմուկը: Դա լրջորեն խանգարում է մեր ջանքերին՝ մարդասիրական հիմունքներով թեթեւացնել ՌԴ այդ քաղաքացու ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել: