Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական է ԵՄ կողմից նախահարձակ կողմին հասցեական դատապարտման միջոցով սթափեցնելը:
ԵՄ-ն պետք է հասցեական դատապարտման միջոցով սթափեցնի նախահարձակ կողմին. Վիգեն Սարգսյանը՝ Զալբերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության պաշտոնյաներին ներկայացրել է արցախյան հակամարտության կողմերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը: Որպես հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակը սրող եւ նախահարձակ կողմին միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության կողմից հասցեական դատապարտման միջոցով սթափեցնելու, ինչպես նաեւ առաջնագծում իրավիճակի դիտարկման, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների եւ այլ լուծումների միջոցով փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը:
Հերբերթ Զալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունն ընդունում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձեւաչափով բանակցությունների ակտիվացմանը: