Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Հնդկաստանի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Հնդկաստան
Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև:
Հնդկաստանի փոխնախագահը հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ողերձը, որով նա Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը:
Երկկողմ կապերից բացի, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային արդի խնդիրներին: