Յուրաքանչյուր տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 25-ին նշում է Մալարիայի համաշխարհային օրը:
Այսօր մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մալարիան էնդեմիկ, պարազիտար, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանդություն է, որը տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։
Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը: Սկսած 1994 թվականից մինչ 2006 թվականը ԼՂՀ տարածքում շարունակական գրանցվել է մալարիայի դեպքեր: Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը: 2007 թվականից հանրապետությունում տեղական դեպքեր չեն արձանագրվել, սակայն 2016 թվականին գրանցվել է 1 տրոպիկական մալարիայի բերովի դեպք:
ԼՂՀ-ն այն տարածաշրջաններից է, որոնց հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը՝ երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: Այսպիսով ԼՂՀ վկայագրված է որպես մալարիայից ազատ գոտի: Այսօր Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հիմնարկների կողմից շարունակական իրականացվում է հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումներ, որոնց շնորհիվ կպահպանվի մալարիայից ազատ տարածքի կարգավիճակը և չի թույլատրվի, որ այս հիվանդությունը կրկին արմատավորվի մեր երկրում: