Արցախի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 17-ին, հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես է եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:
Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել սփյուռքահայ գրող Հովսեփ Նալբանդյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հ. Նալբանդյանը իր դասախոսության ընթացքում անդրադարձել է սփյուռքահայության ներկայիս վիճակին, հայապահպանության խնդիրներին` կարևորելով ազգային մշակույթի և հայ գրքի ու գրականության դերն առհասարակ այդ գործում:
«Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել և ամրապնդել մեր ազգային հավաքական գիտակցությունը: Այսօր Սփյուռքում ապրող 8 միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության և հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլև հզորանան»,- ասել է սփյուռքահայ գործիչը:
Հանդիպմանը ներկա էին գրականագետներ, հայոց լեզվի և գրականության մասնագետներ, ուսանողներ, հյուրեր: