ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մայիսի 23-ին ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահ Անդրեյ Մալինովսկուն՝ տիկնոջ հետ, Լեհաստանի «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջուլիետ Կևորկովային, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:
Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-լեհական փոխադարձ այցելությունները, համագործակցությունը տարբեր ոլոտներում, նշեց որ հայ-լեհական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Հպարտությամբ ենք արձանագրում, որ 650 տարի առաջ հայերը հաստատվելով Լեհաստանում, կարողացել են մեծ հետք թողնել Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ՝ հայ-լեհական բարեկամության, լեհ ժողովրդի ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Շնորհակալություն այն ամենի համար՝ ինչ արվում է հայկական համայնքի համար», -հավելեց տիկին Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և ոլորտները, կարևորեց բարձր տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տուրիզմի զարգացումը: «Բարեկամությունը հաստատվում է միայն իրար ճանաչելով», - շեշտեց Հրանուշ Հակոբյանը: Անդրեյ Մալինովսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեր երկիր այցի նպատակը Հայաստանում տնտեսության զարգացման և գործատուների շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև երկկողմ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր քննարկելն է: Պարոն Մալինովսկին խոսեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի գործունեության մասին, որը 1989թ. սկսած ներկայացնում է լեհական ձեռնարկությունների շահերը երկրի գրեթե բոլոր ոլորտներում: Կոնֆեդերացիան իր մեջ ներառում է մոտ 12.000 լեհական բիզնես ընկերություն, համագործակցում է սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող միջազգային հաստատությունների հետ, ինչպիսիք են՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բիզնեսի և արդյունաբերության խորհրդտական կոմիտեն և այլն: Կառույցի նպատակն է աջացել Լեհաստանում գործատուների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրի ձևավորմանը»: