Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները մեծ չեն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները մեծ չեն. շվեդ պատմաբան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ելույթի ժամանակ ասաց շվեդ պատմաբան Հանս-Լուկաս Քիզերը։ Նա Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում զգալի ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակին է արժանացել։
Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայում այդ հարցի շուրջ որոշակի դեժավյու է առկա, ինչը շատ վտանգավոր է։ Հանս-Լուկաս Քիզերն ասել է, որ ինքը Հայաստանով սկսել է հետաքրքրվել 1980-ականներին։ «Այդ ժամանակ ես պատմության ֆակուլտետի ուսանող էի։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում իմ ներդրմանը, պետք է ասել, որ ընդամենը իմ գործն եմ կատարում՝ որպես պատմաբան»,-ընդգծել է նա։
Ստամբուլում «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով եւս արժանացել է նախագահի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության հարցում զգալի ներդրման համար, իր հերթին, նշել է, որ հայերն այսօր էլ Թուրքիայում շարունակում են պահպանել ազգային ավանդույթները։ «Ես տարիներ շարունակ Հրանտ Դինքի հետ աշխատել եմ միեւնույն սենյակում, եւ այսօր շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդն ընթանում է միեւնույն ճանապարհով», - հավելել է Էստուկյանը։