ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 29-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի գործարար շրջանակների պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։
Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում էին «Возрождение», «Петербургский тракторный завод», «Герофарм», «Агрополис» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես գյուղմթերքի և վերամշվակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Նախարար Կարայանը գործարարների հետ քննարկել է նաև համատեղ արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։
«Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ հարցերում։
Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով: