Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում օծվել են վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերն ու զանգը։
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում օծվել են եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերն ու զանգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի այցելությունը Ջավախքի փոխառաջնորդություն պսակվեց հիրավի աստվածահաճո սուրբ արարողությամբ: Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, կատարվեց վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի ու զանգի օծման արարողությունը։ Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը, հյուրեր Վրաստանից և Հայաստանից»։