Ջերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների թվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տուրի կենտրոնական մրցախաղում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Զուբովի հետ: Այս տուրում կարևոր հաղթանակներ տարան Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը և Իգոր Կովալենկոն:
6-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Ալեքսանդր Զուբովը և Իգոր Կովալենկոն վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
8 շախմատիստ, որոնց թվում են Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը, առաջատարներից հետ են կեսական միավորով:
Վաղը կայանալիք 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումներում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Իգոր Կովալենկոյի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանը՝ Ալեքսանդր Զուբովի:
Կարեն Ասրյանի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակ: