Այսօր Արցախում անց է կացվում Արցախի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողով:
Արցախում անց է կացվում «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառման բացումը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարներ Լևոն Մկրտչյանը և Սլավիկ Ասրյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ԱրՊՀ համալսարանականներ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարևորել ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ Արցախում նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն՝ ընդգծելով, որ Արցախի ամենամեծ հարստությունը ժողովուրդն ու նրա անսպառ մտավոր ներուժը:
«Գիտության և կրթության ոլորտը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից է, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում: Ինչպես ռազմավարական, այնպես էլ կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, նաև կրթության ոլորտում Արցախն զգում է մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը»,-շեշտել է Բ. Սահակյանը:
ԱՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ևս, կարևորելով աշխատաժողովի նշանակությունը, ըստ էության ասել է. «Մեր հիմնական զենքը, որը պետք է առաջ տանի Հայաստանն իր բարդ տարածաշրջանային խնդիրները լուծելու ճանապարհին, մեր գիտական և կրթական ներուժն է: Պետությունը բարձրագույն կրթության համակարգը դիտարկում է որպես պետական կառավարման գերակա օբյեկտ: Կապակցելով բնակչության տնտեսության և պետության շահերը, ընդունում է կրթական ոլորտի տարբեր ուղղություններում պետության գործունեությանը նպաստող օրենքներ և նորմատիվային իրավական ակտեր»:
Իսկ ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մենք՝ կրթական ոլորտի ներկայացուցիչներս, համագործակցելով և մեկս մյուսիս խնդիրներին լավ ծանոթանալով, կկարողանանք նպաստել պետության խնդիրների լուծմանը: Դիտարկել բարձրագույն կրթությունը սոսկ որպես առաջանցիկ, ճիշտ չէ, որովհետև ողջ կրթական համակարգը պետք է գործի՝ սկսած նախադպրոցական հաստատությունից մինչև հետբուհական կրթություն. այս օղակները սերտ փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Բուհը լիարժեք կարող է աշխատել, երբ դպրոցից ստանա գրագետ շրջանավարտներ, և մենք էլ կկարողանանք բուհն ավարտած խելացի մասնագետներով ապահովել կրթօջախները: Կրթական եռաստիճան համակարգը գործում է բոլոր բուհերում, և դրանք, այո´, կարևոր են որակյալ մասնագետներ ունենալու գործում»:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը կրթության որակի մասին իր խոսքում ասել է. «Գլոբալացման և գիտելիքահենք տնտեսության համատեքստում բարձրագույն կրթության որակը ռազմավարական առումով կարևոր է տնտեսության զարգացման և մրցունակության համար: Այդ է պատճառը, որ ներկայումս, ավելի քան երբևէ, բազմաթիվ երկրներ մեծածավալ ներդրումներ են անում բարձրագույն կրթության որակի բարձրացման նպատակով. հետևապես՝ ՀՀ-ն և ԱՀ-ն չեն կարող անմասը մնալ նշված գործընթացից»:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ևս կարևորել է ԱրՊՀ-ում նման աշխատաժողովի անցկացումը՝ թվային տվյալներով ներկայացնելով ԱՀ կրթական համակարգը:
«Ցանկացած հասարակության մեջ էլ բոլոր բարեփոխումներն ընթանում են դժվարություններով, երբեմն էլ՝ ցնցումներով: Սակայն մեկընդմիշտ պետք է ընդունենք. զարգացման ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար առանց բարեփոխումներ կատարելու պարզապես չենք կարող»:
Աշխատաժողովի ժամանակ եղել են նաև այլ ելույթներ, բարձրացվել խնդիրներ և հարցեր, որից հետո կատարվել է մտքերի փոխանակում և հարց ու պատասխան: