Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը համալրվել է ակնաբուժական նոր սարքավորմամբ
«ԼԻԿՎՈՐ» (LIQVOR) դեղագործական ընկերությունն այսօր Արցախի հանրապետական բժշկական կենտրոնին է նվիրաբերել ակնաբուժական ճեղքային լամպ սարքավորում:
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը համալրվել է ակնաբուժական նոր սարքավորմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդման՝ ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախ շնորհակալություն է հայտնել «ԼԻԿՎՈՐ» ընկերությանը, ընդգծել Արցախի առողջապահության համար այդ սարքի կարևորությունը և շեշտել,
որ սարքավորման օգնությամբ ավելի արդյունավետ է լինելու ակնաբույժների աշխատանքը, նաև նվազելու են հիվանդների հերթերը:
«ԼԻԿՎՈՐ» (LIQVOR) դեղագործական ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենց ընկերությունն առաջին հայկական դեղարտադրողն է, որն ստեղծվել է դեռևս 1991 թվականին:
«26 տարիների ընթացքում մենք հասցրել ենք ունենալ եվրոստանդարտներին համապատասխան գործարան: Ընկերությունն արտադրում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցներ: Մեզ հաջողվել է հայկական մեր արտադրանքը ներկայացնել միջազգային շուկաներում՝ սկսած ԱՊՀ երկրներից, այսօր արդեն մինչև Վիետնամ, Եմեն:
Սա մեր փոքրիկ ներդրումն է Արցախի առողջապահության նախարարությանը. համոզված ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,-ասել է Վ. Մկրտչյանը:
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր ակնաբույժ Ռուզաննա Ադամյանն էլ ասել է,
որ հիվանդանոցն ուներ մեկ ճեղքային լամպ սարքավորում.
սա էլ եղավ երկրորդը:
«Շատ կարևոր է նման սարքավորում ունենալը,
քանի որ այն հնարավորություն է տալիս մեծ խոշորացմամբ տեսնել աչքի ողջ հյուսվածքները»,-նշել է Ռ. Ադամյանը: