Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ի՞նչ են քննարկել Նալբանդյանն ու Մամադյարովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։