Արցախում Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է նախևառաջ քաղաքակրթական պատճառներով, և ամենևին արդար չէ, որ Եվրոպայի մաս հանդիսացող Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից:
Արդար չէ, որ Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից. Ռուբեն Մելիքյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ այսօրվա միջոցառման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը:
«2016 թվականի ապրիլյան դեպքերը պետք է ընդունել որպես բաժանարար գիծ: Այդ իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդիրների նկատմամբ սփյուռքյան կառույցների ուշադրության ակնհայտ մեծացում եմ տեսնում: Դա մասնավորապես վերաբերում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Ծրագրի հետ կապված ակնկալիքներից ամենամեծը հենց Եվրոպայի ներկայությունն է Արցախում»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, ինքը կարևորում է հատկապես եվրոպական իրավապաշտպան հանրության ներգրավվածությունն Արցախում, ինչը կբարձրացնի ինչպես ներքին կյանքում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, այնպես էլ դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման տեսանկյունից:
Հարցին՝ արդյոք Արցախում մարդու իրավունքները պաշտպանվո՞ւմ են եվրոպական չափորոշիչներին համապատասխան, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Մենք գոնե փորձում ենք: Մեր հնարավորությունների սահմանում անընդհատ փորձում ենք իրավական դիրքորոշումներն արտահայտել, հղում անել եվրոպական իրավապաշտպան համակարգին: 2015 թվականից Արցախն իր համար պարտադիր համարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:
Արցախի ՄԻՊ-ը չպատասխանեց Արցախի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ իր մանդատը բացառապես մարդու իրավունքներով զբաղվելն է՝ անկախ քաղաքական դասավորվածությունից:
Միջոցառմանը ներկա ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանն էլ իր հերթին նկատեց, որ թեև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կարողանում է սփյուռքից Արցախի համար զգալի գումարներ և նվիրատվություններ հանգանակել, սակայն առավել կարևորում է միջազգային կառույցների ներգրավվածությունն Արցախի հասարակական կյանքում: