Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքով ավելի վաղ ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրին հղումով Իզվեստիայի հրապարակած տեղեկությունը, թե հաջորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում, իրականությանը չի համապատասխանում, գրում է armtimes.com-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Իզվեստիայի հոդվածին և ցանկանում ենք նշել, որ դրանում կան փաստացի անճշտություններ», - ասել է Կոժինը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրներին հղումով Իզվեստիան գրել էր՝ Ռուսաստանը կլինի այս տարվա վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր կազմակերպիչը: «Մոսկվան այս հարցում դարձել է գլխավոր միջնորդը, քանի որ նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու՝ ՄԽ համանախագահների ջանքերն անարդյունք էին»,- նշված է հոդվածում:
ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի խոսքով, նախագահների հանդիպումը կազմակերպելով միայն Մոսկվան է զբաղվում. «Ֆրանսիացիները փորձեցին Երևանին ու Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, բայց անարդյունք: Միաժամանակ երկխոսությանն աջակցելը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չսկսվեց: Սակայն կողմերի նպատակներն առաջվա պես տարբեր են»:
Ավելի վաղ ԵԱՀԿ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ էր վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ ժամանակ էլ առաջարկվել է նախագահների հանդիպում կազմակերպել, նշում է «Իզվեստիան»: