Հադրութի շրջանի Տող գյուղի հարակից տարածքում գտնվող «Ջրաշխարհ» հանգստի գոտիում մեկնարկել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպած՝ «Հայրենիք» երիտասարդական ճամբարը:
Մեկնարկել է «Հայրենիք» երիտասարդական ճամբարը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի պատասխանատու Գոռ Բալասանյանն ասել է, որ ռազմահայրենասիրական ուղղվածությամբ ճամբարի հանրապետության բոլոր շրջաններից առաջին հերթափոխին մասնակցում են 50 երիտասարդ:
«Այս օրերի ընթացքում Ճամբարականներն կմասնակցեն ազգային և ինտելեկտուալ խաղերի, մասնագետների ուսուցմամբ ճամբարականները սովորելու են ազգագրական պարեր, այցելելու են շրջակա պատմաճարտարապետական վայրերից Կատարո վանք, մասնակցելու են հրաձգության և շախմատի մրցույթների, ինչպես նաև լինելու են հատուկ դասընթացներ: Բացի այդ, հաճախակի ճամբար են այցելում նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք»,- հավելել է Գ. Բալասանյանը:
Գ. Բալասանյանը գոհունակություն է հայտնել, որ այստեղ երիտասարդների ժամանցն ու հանգիստն առավել արդյունավետ ու հագեցած են:
Նա նաև նշել է, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն նպաստելու է երիտասարդների համախմբվածությանը, այլև այն տարեցտարի տարբեր նոր ծրագրերի տեսքով շարունակական է լինելու:
ԱՀ կուսակցության երիտասարդական թևի պատասխանատուն հավաստել է. «Ճամբարային առօրյան հագեցած է ոչ միայն հայրենաճանաչողության ու ռազմահայրենասիրական միջոցառումներով: Ճամբարականներին հնարավորություն է ընձեռվում նաև հանդիպելով Արցախի բարձրաստիճան պետական այրերի հետ անմիջական շփումներով իրենց հուզող հարցերով ու առաջարկներով հանդես գալ»:
Նշենք, որ ճամբարի բացմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի պատգամաորներ: