ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո բնակչության հիմնական մասը վերադարձել է:
Մատաղիսում դպրոցական և նախադպրոցական մասնաշենքեր կկառուցվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով տուժած բնակարանների վերականգնման աշխատանքները ավարտին են մոտենում:
«Զուգահեռ պետական և բարեգործական ծրագրերով վերանորոգվում են նաև հին բնակարանները: Մասնավորապես առաջիկայում սպասվում է 27 բնակարանների կապիտալ վերանորոգում, որոնցում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում»,- ասել է Զ. Ավանեսյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ դպրոցը ևս տուժել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն այն կապիտալ վերանորոգվել է: Իսկ առաջիկայում նախատեսվում է դպրոցական մասնաշենքի ավելացում, քանի որ ներկայիս դպրոցը չնայած նորակառույց է, սակայն չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Դպրոցում սովորում է մոտ 100 աշակերտ: Համայնքում առկա է նաև մանկապարտեզ: Այն ևս չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Զ. Ավանեսյանը նշեց, որ 50 տեղանոց նոր մասնաշենք կկառուցվի մանկապարտեզի համար, որը կունենա նաև ապաստարան: Բարեկարգվել են նաև գյուղամիջյան բոլոր ճանապարհները:
Խոսելով մարդկանց զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղացիները հիմնականում աշխատում են սև խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, համայնքային կենտրոնում, հիդրոէլեկտրակայաններում և այլն: Բնակիչների մի մասն էլ զբաղվում է հողագործության մշակմամբ: