Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կրկին անդրադարձել է թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նշել, որ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական քաղաքականութան խստացումը տալիս է իր արդյունքները:
Գերմանիայի արտգործնախարարն անդրադարձել է թուրք-գերմանական հարաբերությունների վերջին զարգացումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Զիգմար Գաբրիելը, որպես ստացված արդյունք առանձնացրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին պաշտոնական Անկարան հրաժարվել է գերմանական 680 ընկերություններին ահաբեկչությանը սատարելու մեջ մեղադրելուց, ինչը վերջին ժամանակներում ինտենսիվորեն շրջանառում էր թուրքական իշխանությունների կողմից:
Նախարարը, ով գերմանացի զբոսաշրջիկներին հորդորում էր հրաժարվել Թուրքիա մեկնելուց, իսկ ներդրողներին էլ Թուրքիայում ներդրումներ կատարելուց, նշել է, որ դա նպաստել է Գերմանիայի քաղաքացիների իրազեկվածությանն ու տեղեկացվածությանը, մյուս կողմից էլ զսպել Անկարային:
Գերմանացի բազմաթիվ զբոսաշրջիկներ թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին հրաժարվել էին թուրքական հյուրանոցներում և զբոսաշրջային կոմպլեքսներում ամրագրած համարներից, ինչը թուրքական բիզնեսի համար մեծ ֆինասական կորուստների առիթ էր հանդիսացել:
Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել էր Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ էր հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով: