ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմը կանոնադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված հանրային ծառայությունների կարգավորման բաժնին իր լիազորությունների շրջանակներում կարգավորում է ջրային համակարգը, էներգետիկայի և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը:
ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովում ամփոփում են անցած 10 տարիների գործունեությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետ Անդրեյ Մուսայելյանը` անդրադառնալով կառույցի անցած տասը տարվա գործունեությանը: «Մեր առաջնահերթ խնդիրներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների և կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման պայմանների ստեղծումը»,- նշել է մեր զրուցակիցը:
Հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետի խոսքով՝ սահմանված կարգի և համապատասխան գործունեության ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման 9 մեթոդիկայով սահմանվել և վերանայվել են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի, էներգետիկայի բնագավառում բաշխման, էլեկտրաէներգետիկական շուկայի ծառայությունների մատուցման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, ոռոգման ջրի մատակարարման և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման կարգավորվող սակագները: Այդ մասով ընդունվել է 38 որոշում:
Անդրեյ Մուսայելյանն ընդգծել է նաև, որ այս տարիների ընթացքում հանձնաժողովն ընդունել է բաժնի կողմից մշակված 248 որոշում, որից 98-ը՝ նորմատիվ, իսկ սպառողների կողմից 137 ներկայացված հարցերի շուրջ տրվել է սպառիչ պատասխան:
«ՀՀ ՀԾՏՄԿՊՀ-ի հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ` փորձի փոխանակման, տեղեկատվության տրամադրման, օրենսդրական ակտի մշակման ու կիրառման վերաբերյալ:
Այդ շրջանակներում իրականացվել են փոխադարձ այցելություններ, ապահովվել է բաժնի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային կառույցների կողմից կազմակերպվող համաժողովներին, մասնավորապես` Բելառուսում, Մոլդովայում, Գերմանիայում, Չինաստանում և Տաջիկստանում»,- ասել է Ա. Մուսայելյանը: