Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին օգոստոսի 15-ին ընդունել է Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը:
Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Եսայանն ընդգծել է երկու եկեղեցիների մեծ դերակատարությունն ինչպես հայ և բելառուս ժողովուրդների կյանքում, այնպես էլ՝ քրիստոնեական ավանդույթների պահպանման, ազգերի և քաղաքակրթությունների միջև հոգևոր համագործակցության գործում՝ հավելելով, որ պատիվ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից միտրոպոլիտ Պավելին փոխանցել Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը: Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ընդգծելով հոգևոր ոլորտում երկու եկեղեցիների հետագա համագործակցության կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդման գործում, բարձր է գնահատել աշխարհասփյուռ հայության միավորման և ազգային ավանդույթների պահպանման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը: Միտրոպոլիտ Պավելը, հատուկ շեշտելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իր ունեցած ջերմ վերաբերմունքը, խնդրել է դեսպան Եսայանին Նորին Սրբությանը փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները և երախտագիտությունը՝ սիրով ընդունելով Հայաստան այցելելու հրավերը: