Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է իրաքյան քրդերի անկախության հանրաքվեին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվականը:
«Քրդերի հանրաքվեն ավելի է ծանրացնելու վիճակն Իրաքում: Քրդերի հանրաքվեն այդ երկիրը կարող է տանել ընդհուպ քաղաքացիական պատերազմի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն ավելացնելով, որ իրենք սպասում էին, որ իրաքյան քրդերը հետ կկանգնեն անկախության հանրաքվեի անցկացումից ասել է.« Մենք դեմ ենք հանրաքվեի անցկացմանը և շարունակելու ենք դեմ լինել»:
Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու մասին հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ՝ Թեհրանն ու Վաշինգտոնը:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելի անկախության հանրաքվեի մասին հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պաշտոնական Անկարան դեմ էր արտահայտվել քրդերի անկախությանը՝ նշելով, որ դա կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությանը: