Հայաստանը պետք է քաղաքական նպատակ դարձնի Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան վերադարձնելը և ավելի վճռական լինի այդ հարցում:
Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ Հայաստանից ավելի վճռական քայլերի անհրաժեշտություն կա. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Արցախն էլ իր կողմից պետք է նախաձեռնողականություն դրսևորի և միջազգային հանրությանը հստակ բացատրի, թե ինչ կտա իր վերադարձը բանակցային սեղան: Ի վերջո, լուծվում է Արցախի ճակատագիրը և անտրամաբանական և անընդունելի է, որ արցախյան կողմը բանակցություններին չի մասնակցում»,- ընդգծեց քաղաքագետը:
Ռուբեն Մեհրաբյանը նաև ընդգծեց, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի այդ հարցում հնարավոր լինի հաջողության հասնել: Նրա գնահատմամբ` Հայաստանը պետք է հրաժարվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումներից: