Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է:
Հայաստանից երկու նետաձիգ կմասնակցի աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բորիս Վասիլյանն ասել է.
«Այստեղ պայմանները շատ լավ են: Գրեթե մեկ ամիս էլ մնալու ենք: Արմանն ու Լևոնը վերջին շրջանում բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս, ինչը Արգենտինայում բարձր տեղեր զբաղեցնելու հույսեր է ներշնչում:
Սեպտեմբերի սկզբին երկու թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետև, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սևանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Վրաստանից՝ Բաթումի և Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի և Յակուտիայի թիմեր: Այս մրցումները մրցափորձի ձեռք բերման կարևոր դերակատարություն կունենան մեր տղաների համար:
Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը կանցկացնենք Էջմիածնում: Մարզումները կկազմակերպենք գիշերվա ժամերին, որպեսզի Արգենտինայում տղաները հեշտ հարմարվեն ժամային մեծ տարբերությանը»: