Սահմանում կատարվող դեպքերի վերաբերյալ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, և դրանք պետք է ոչ թե միջնորդներն անեն, այլ համապատասխան հետաքննող հանձնաժողովը:
Ադրբեջանը գնալով կտրվում է միջազգային խաղի կանոններից բոլոր ոլորտներում. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց, որ դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, համաձայն որի միջնորդները միշտ փորձում են անհասցե հայտարարություններ անել:
«Այն հետաքննության մեխանիզմը, որ առաջարկվում էր, հենց դրան էր ուղղված, որ հայտարարությունները պետք է լինեն հասցեական և այն պետք է ոչ թե միջնորդները անեն, այլ համապատասխան հետաքննող հանձնաժողովը: Այդ տեսակետից պատահական չէ, որ Ադրբեջանը խոչընդոտում է այդ մեխանիզմի ձևավորմանը, չնայած որ այդ պարտավորությունները ստանձնել է Սանկտ Պետերբուրգում և Վիենայում»,- ասաց Քոչարյանը:
ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` Ադրբեջանը անընդհատ չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, ավելին՝ վրդովվում է, երբ իրենք դուրս են գալիս այդ հավասարակշռությունից:
Հարցին, թե Ադրբեջանի համար դա առիթ չի՞ լինի շարունակելու սանձարձակ գործողությունները, Քոչարյանը պատասխանեց.
«Բնական է, եթե հայտարարությունները անհասցե են` դա առաջին հերթին խրախուսում է Ադրբեջանին՝ դիմել նման քայլերի: Մյուս կողմից՝ Ադրբեջանը դա էլ անում է, բայց տեսնում ենք, որ գնալով այդ երկիրը կտրվում է միջազգային խաղի կանոններից բոլոր ոլորտներում: Դա մեր համար կարևոր է, սակայն, մյուս կողմից, Հայաստանը դրանից ելնելով չէ, որ պետք է իրեն ապահով զգա, որովհետև առաջին հերթին մենք պետք է ապավինենք սեփական ուժերին»: