ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։