Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության, շտապել է «բացատրություններ» տալ Ալեքսանդր Լապշինի ինքնասպանության փորձի կապակցությամբ։
Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը շտապել է «բացատրություններ» տալ Լապշինի ինքնասպանության փորձի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարության վարկածի համաձայն՝ «Լապշինը փորձել է ինքնասպան լինել արտահանձնման գործընթացի ձգձգման պատճառով», հայտնում է news.am-ը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատիժը կրելու ընթացքում 3 տարվա ազատազրկման դատապարտված Լապշինի՝ օրենսդրությամբ նախատեսված բոլոր դատավարական իրավունքները պահպանվել են։ «Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Ա. Լապշինին բազմիցս հնարավորություն է տրվել հանդիպել մեր երկրում հավատարմագրված այդ դեսպանատների ներկայացուցիչների եւ ընտանիքի անդամների հետ։ Քննության ընթացքում կալանքի տակ գտնվող Լապշինը կանոնավոր կերպով եղել է բժիշկների հսկողության տակ։ 2017-ի սեպտեմբերի 10-ին Լապշինը փորձել է ինքնասպան լինել իր արտահանձնումը ուշացնելու պատրվակով։ Սակայն բանտապահների զգոնության շնորհիվ ինքնասպանության փորձը կանխվել է։ Լապշինին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել»։
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109–րդ հոդվածի 22-րդ կետով, Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հրաման էր ստորագրել։
Այսպիսով շ՝ Լապշինի երկարատեւ կալանքը քիչ էր մնում Ադրբեջանի իշխանությունների համար միջազգային սկանդալով ավարտվեր։ Նշենք, որ այս պահին ադրբեջանական բանտերում հազարավոր քաղբանտարկյալներ կան։