ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Բաքվին խոստացել է ջանք չխնայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Բաքվին խոստացել է ջանք չխնայել ԼՂ խնդրի կարգավորման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսում կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել։
Վիգենինը նշել է, որ հասկանում է ադրբեջանական կողմի դժգոհությունը ԵԱՀԿ ՄԽ գործունեության կապակցությամբ։ «Քանի որ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չկա։ Եկող տարի լրանում է ՄԽ ստեղծման 25-ամյակը։ Այդ կապակցությամբ ՄԽ կազմը կարող է վերանայվել։ Խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն հրադադարի ռեժիմի խանգարման ժամանակ, այլ մշտապես։ Հակամարտության կարգավորման գործում ավանդ պետք է ներդնեն ոչ միայն ՄԽ անդամները, այլև այլ երկրներ»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ ստատուս քվոն անընդունելի է ԵԱՀԿ ԽՎ-ի համար և մոտ ժամանակներս պետք է փոխվի խաղաղ ճանապարհով։