Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը սատարող բանաձևի ընդունումը:
Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է Արցախի Հանրապետության անկախությունը սատարող բանաձևը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է բարեկամության շրջանակի տարածած հաղորդագրության մեջ։ Բանաձևի ընդունումը հատկապես կարևորվում է այն առումով, որ այն «հստակորեն կապում է ժողովրդի և նրա ժողովրդավարական ինստիտուտների օրինական ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հետ»։
Բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Միչիգանի նահանգի, մասնավորապես՝ բանաձևի հեղինակ սենատոր Քնեզեկի որոշիչ ներդրումը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի առաջ մղման գործում։
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը կարևորել է Միչիգանի Սենատի բանաձևի անդրադարձն այն անարդարություններին ու ճնշումներին, որոնց բախվել է Արցախը դեռ Ստալինի ժամանակներից ի վեր։Իր խոսքում նա շեշտել է, որ այս նոր ճանաչումը վկայում է Արցախի անկախության անշրջելիության մասին և ճանապարհ է հարթում դեպի միջազգային ճանաչում:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: