ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները։
Վիգեն Սարգսյան. Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ–ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախարարը լրատվամիջոցներին հայտնեց, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարեւոր են եղել մասնակիցների միջեւ փոխգործակցության ամրապնդման առումով։ Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները, հայտնում է News.am-ը։
«Զորավարժությունները շատ կարեւոր են փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ես ուրախ եմ, որ զորավարժությունների ծրագիրը մասնակցիների համար նախատեսում էր ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին»,– նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի նաեւ ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը, ինչը մեր անվտանգության կարեւորագույն տարրերից է։ Մենք միշտ կողմ ենք եղել համագործակցության զարգացմանն ու դրան լրացուցիչ իմաստ հաղորդելուն։ Դա բխում է ոչ միայն մեր միջազգային պարտականություններից, այլ նաեւ անվտանգության շահերից, ասել է նախարարը։