Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 17-ին, Ասկերան քաղաքում, շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ աշնանացանի և գյուղատնտեսական այլ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Արայիկ Հարությունյանը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել՝ գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների թեմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության պատասխանատուն: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ աշնանացանի աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, և շրջանի հողօգտագործողները վարի ու ցանքսի համար գյուղտեխնիկայի խնդիր չունեն: Նախորդ տարվա համեմատ, ըստ զեկուցողի, այս տարի շրջանի համախառն աշնանացան բերքի արդյունքն աճել է շուրջ 1000 տոննայով՝ կազմելով 30.567 տոննա: Զեկուցման ընթացքում նշվել է նաև, որ այս օրերին ընթանում է կարկուտից տուժած հողօգտագործողներին աջակցելու գործընթացը:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները, սակայն նշել է, որ շարունակում է դժգոհ մնալ հողամշակության ընդհանուր մակարդակից, քանի որ հողագործների մեծ մասը չի հետևում ագրոկանոնների պահանջներին և քիչ է զբաղվում գարնանացան մշակաբույսերով:
«Չնայած բազմաթիվ հանդիպումներին ու հորդորներին՝ հետևողական աշխատանքի արդյունավետությունը շարունակում է ցածր մնալ: Եթե հողը ճիշտ չի մշակվում, ապա փոշիացվում է հանրային հարստությունը: Դրանից խուսափելու նպատակով, գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի ընդունումից հետո, խստացնելու ենք չափորոշիչները, և պետական աջակցությունից օգտվելու հնարավորություն են ունենալու միայն այն ֆերմերները, ովքեր իրենց գործունեությունը կիրականացնեն պահանջվող կանոններին համապատասխան»,- ասել է պետնախարարը:
Ա. Հարությունյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև անասնաբուծության, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացման պետական առաջիկա քաղաքականությանը: Պետնախարարը նշել է, որ բոլոր ուղղություններում կառավարությունը շարունակելու է հատուկ քաղաքականություն իրականացնել, և կոչ է արել ներկաներին ակտիվ ներգրավվել այդ աշխատանքներում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև գյուղատնտեսության նորանշանակ նախարար Ժիրայր Միրզոյանը: