Տարին Արցախի գյուղատնտեսության համար բարենպաստ չէր:
Տարին Արցախի գյուղատնտեսության համար բարենպաստ չէր. ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը:
«Երկարատև երաշտի պատճառով բերքն այնքան էլ շատ չեղավ, չնայած դրան` եղած բերքը անկորուստ կազմակերպվել և հավաքվել է»,- ասաց նա՝ նշելով, որ պետությունը հող մշակողներին այս տարի տրամադրել է պարարտանյութ և սերմեր:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ենթաշրջանային ծրագրեր են իրականացվում` ուղղված գյուղատնտեսության զարգացմանը անասնապահության, երկրագործության ոլորտներում:
«Մեզ մոտ նկատվում է անասնագլխաքանակի աճ` բացի խոզերից»,- ասաց Տիգրան Առստամյանը և նշեց, որ խոզերի գլխաքանակի նվազումը հիմնականում պայմանավորված է աֆրիկական ժանտախտ հիվանդությամբ, սակայն ոչ թե հիվանդության դեպքերը շատանում են, այլ պարզապես մարդկանց մոտ վախ կա այդ կենդանուն պահելու հարցում:
Իսկ մանր ու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է: Պարզապես մանր եղջերավոր անասունների իրացման խնդիր կա:
«Այդ աճն էլ պայմանավորված է պետության տրամադրած արտոնյալ վարկավորման պայմաններով»,- ասաց նա և ավելացրեց, որ անասունների մթերատվության, կաթնատվության բարձրացման առումով ևս առաջընթաց է արձանագրվել:
Ինչ վերաբերում է գյուղերից մարդկանց արտահոսքին, Արցախի գյուղատնտեսության փոխնախարարը նկատեց կան գյուղեր, որտեղ նկատվում է բնակիչների նվազում, սակայն կան նաև գյուղեր, որտեղ բնակչության թիվն աճում է: