ԱՀ «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ում ընթացիկ տարում գյուղմշակաբույսերի սերմերից փորձարկման է ենթարկվել մոտ 350 նմուշ, ինչի շնորհիվ հնարավոր է կատարել 15-20 հազար հեկտար ցանքս:Ներկայումս փորձարկման է դրված 36 սորտ, որից 34-ը՝ աշնանացան ցորենի և 2-ը՝ աշնանացան գարու:
«Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն»-ը կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին աջակցություն է տրամադրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ադամյանն ասել է, որ ընկերությունն այս տարի արտադրել է մոտ 750 տոննա աշնանացան ցորենի սերմեր, որոնց զտման արդյունքում ստացվել է 500-520 տոննա պատրաստի սերմ (զտումը շարունակվում է): Հիմնականում գործընթացն իրականացվում է հասկից մինչև առաջին վերարտադրություն:
Կ. Ադամյանի խոսքով՝ ընկերությունում ստուգվում են գյուղմշակաբույսերի սերմերը, կատարվում սորտերի տեսական փորձարկում, առաջնահերթ սերմնաբուծության կազմակերպում և հավաստագրված սերմերի արտադրություն, հատկապես՝ աշնանացան ցորենի:
«Սերմերի հավաքագրումը կազմակերպվում և անց է կացվում կամավոր հիմունքներով: Դրանք հիմնականում ռուսական սելեկցիոն սորտեր են»,- ասել է Կ. Ադամյանը և հավելել, որ գերադասելի է, որպեսզի սորտերը փորձարկվեն բոլոր ագրոկլիմայական գոտիներում:
Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայումս կենտրոնի կողմից արտադրված աշնանացան ցորենի սերմը ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, որպես պետական աջակցություն, կարկտահարությունից տուժած Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի հողօգտագործողներին է տրամադրվում: Բախշվելու է շուրջ 450 տոննա սերմ, որն ապահովելու է 1800-2000 հա-ի ցանքսը:
Նշենք, որ ԱՀ «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ն գործում է 2002 թվականից: Այն իրավահաջորդն է ԼՂԻՄ գիտարտադրական միավորման, որը կազմավորվել էր 1985 թվականին: