Թուրքիայում հայտնի այլախոհ մտավորականներից Ռակըփ Զարաքօլուն թուրքական artigercek կայքէջի իր սյունակում կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Թուրքիայում Ցեղասպանության ճանաչումը դարձել է մտավորական լինելու չափանիշ. Զարաքօլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուշադրություն հրավիրելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի գործողություններին՝ եզդիների, քրիստոնյաների և ալևիների դեմ ցեղասպանական արարք որակումը՝ Զարաքօլուն շեշտել է, որ այս արարքները 1915-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն են, և ավելացրել է, թե բոլորը պետք է նախ առերեսվեն իրենց պատմության հետ՝ նոր ցեղասպանություններ կանխելու համար:
1in.am-ի փոխանցմամբ՝ Զարաքօլուն ընդգծել է Թուրքիա պետության և Թուրքիայի հասարակության համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ:
Միաժամանակ մտավորականը հպարտությամբ նշել է, որ թեև իրենք ծանր գին են վճարում ճշմարտությունը բարձրաձայնելու համար, սակայն այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է մտավորական շրջանակների ներկայացուցիչ լինելու յուրօրինակ չափանիշ:
Զարաքօլուն գրել է. «Ցեղասպանության ժխտումը իրականում նշանակում է ասել՝ «Այո՛, արել ենք, և եթե պետք լինի՝ նորի՛ց կանենք»: Նա ցավ է հայտնել, որ հայերը այսօր հասել են այնպիսի վիճակի, որ «ամբողջ Թուրքիայի տարածքում իրենց ազգային ինքնությամբ կարող են ապրել միա՛յն Պոլսում, և այն էլ՝ միշտ վախով»։
Նշենք, որ Զարաքօլուի հիմնած «Բելկե» հրատարակչատունը առաջիններից էր Թուրքիայում, որ անդրադարձավ Հայկական հարցին՝ 1990-ականների սկզբներին: Հրատարակչատունը հրապարակել է «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանությունը» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր: