Artsakhpress

Հասարակական

Պետական աջակցությամբ «Վերածնված հայրենիք» ՀԿ-ն Մատաղիս համայնքի 5 ընտանիքների կովեր է տրամադրել

«Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպության ջանքերով Արցախում 2006թ.-ից սկսած 400-ից ավելի շահառուներ հղի վիճակում կովեր և երինջներ են ստացել:

Պետական աջակցությամբ «Վերածնված հայրենիք» ՀԿ-ն Մատաղիս համայնքի 5 ընտանիքների կովեր է տրամադրել

Պետական աջակցությամբ «Վերածնված հայրենիք» ՀԿ-ն Մատաղիս համայնքի 5 ընտանիքների կովեր է տրամադրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Տարոն Հակոբյանը՝ մանրամասնելով, որ ծրագրում ընդգրկվում են երիտասարդ, անապահով ու բազմազավակ այն ընտանիքները, որոնք հիմնականում ապրում են սահմանամերձ գյուղերում:

«Ծրագրի համաձայն՝ մեկ կով կամ երինջ է տրամադրվում ընտանիքին՝ պարտավորությամբ որ 3 տարի հետո շահառուն պետք է կազմակերպությանը վերադարձնի հղի վիճակում առաջին սերնդի մեկ կով (երինջ)  կամ  նմանատիպ  կենդանի, որն էլ փոխանցվում է մեկ այլ ընտանիքի:

Կազմակերպության կողմից աջակցություն է տրամադրվել  նաև անասուների համար դեղորայքի և անվճար անասնաբուժական ծառայությունների մատուցման ձևով: Անասունների ցեղատեսակի որակի բարձրացման նպատակով, մի  շարք  համայնքներում, կատարվել են արհեստական բեղմնավորումներ: Կազմակերպությունն ունի վերապատրաստում անցած անասնաբույժներ: Եվ առանցքային նպատակներից է համարում անանսնապահության նոր մշակույթի ներդնումն Արցախում: Այդ նպատակով կազմակերպվել  են դասընթացներ՝ անասնաբուծության, արդի անասնաբուժական խնդիրների վերաբերյալ»,- նշել է Տ. Հակոբյանը՝ հավելելով, որ 2006թ.-ից ծրագիրը հաջողությամբ գործում է:

Խոսելով ծրագրի նպատակների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ այն միտված է գյուղական համայնքներում զբաղվածության ստեղծմանը և բնակիչների համար լրացուցիչ եկամուտների ապահովմանը:

«Առաջին ծրագրերից մեկը սկսել ենք «Հեյֆեր» («Heifer») միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Անահիտ Ղազանչյանի հետ, որտեղ ընդգրկվել են Մարտակերտի շրջանի 4 գյուղերի 58 ընտանիքներ: Իսկ արդեն հաջորդ փուլերեւմ ընտրվել են Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նորշեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն և Կաղարծի, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ, Կիչան, Շահմասուր և Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Ուղտասար համայնքները:

Այս ընթացքում համագործակցել ենք հայաստանյան «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, միջազգային՝ ամերիկյան The Armenian Missionary Association of Ameriqa (AMAA) և ֆրանսիական «Ֆերմերներ առանց սահմանների» («Elevages sans Frontieres» (ESF)) կազմակերպությունների հետ»,-ասել է կազմակերպության ղեկավարը և ավելացրել, որ ծրագրի իրականացման համար այս տարի առաջին անգամ նաև պետական ֆինանսավորում են ստացել:

Տ. Հակոբյանի խոսքով՝  ԱՀ մշակույթի, երիտասրադության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից ստացած դրամաշնորհի և «Վերածնված հայրենիք» ՀԿ միջոցներով Մարտակերտի շրջանի   Մատաղիս  համայնքի  5 ընտանիքներ օգտվել են ծրագրից, որին տեխնիկական   մեծ աջակցություն  է ցուցաբերել  «Զարգացման  սկզբունքներ» ՀԿ-ն:

«Սա նոր նախադեպ է, երբ պետական աջակցությամբ մենք շարունակում ենք մեր ծրագիրը: Կարծում եմ՝ պետական հատվածի հետ մեր համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ արդյունքները շոշափելի են»,- ասել է Տ. Հակոբյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search