Գրիգոր Նարեկացի համալսարանում այսօր տեղի է ունեցել հայ անվանի գրականագետ-քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի անվան գրադարանի անվանակոչության արարողություն՝ նվիրված նրա ծննդյան 93-ամյակին:
Գրիգոր Նարեկացի համալսարանի գրադարանը անվանակոչվել է Սերգեյ Սարինյանի պատվին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրադարանի բացման պատիվը տրվել է ԱՀ գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վ. Հակոբյանն ասել է,որ մեծ է Ս. Սարինյանի դերը իրենց կրթօջախի հիմնադրման և կայացման գործում:
«Գրադարանը, որն այսուհետ կկրի մեծ գրականագետի անունը, ստեղծվել է նրա ակտիվ մասնակցությամբ: Այստեղ են Ս. Սարինյանի բոլոր գրքերը, և դրանցից հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն մեր, այլև մնացած բուհերի ուսանողները: Համոզված եմ, որ այն իր չափով կծառայի Արցախի Հանրապետության զարգացման ու կայացման գործին»,-մասնավորապես ասել Վ. Հակոբյանը:
Անվանակոչման արարողությանը հաջորդել է համալսարանում կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթը, որտեղ ներկայացվել են գրականագետ-քննադատի կյանքն ու գործունեությունը. եղել է Ս. Սարինյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, գրչակից ընկերները հանդես են եկել ելույթներով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ գրողների միության անդամներ, համալսարանականներ, հյուրեր: