ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի միջնակարգ դպրոցը:
Մոշաթաղ համայնքը նոր դպրոցական շենք կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թվականի գարնանը: «Մոշաթաղի միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Դասապրոցեսը կազմակերպվում է կառույցի միայն մի մասում, մյուս մասն անբարեկարգ է»,- ասել է Ս. Սարգսյանը և ավելացրել, որ վերանորոգվելու է շենքն ամբողջությամբ, որտեղ, բացի դպրոցից, տեղեկայվելու են նաև համայնքապետարանն ու բուժկետը:
Իսկ Մոշաթաղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը նշել է, որ ընթացիկ տարվա ամռանը ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել է դպրոցի տանիքը: «Ներկայումս դպրոցն ունի 50 աշակերտ: Առկա 7 դասասենյակները չեն բավարարում ուսումնական գործընթացն իրականացնելու համար: Առանձնացված սենյակներ չկան նաև քիմիայի լաբորատորիայի և նախնական զինվորական պատրաստություն առարկաների համար: Դասասենյակների քչության պատճառով տեխնիկական աշխատողների սենյակը ևս վերածվել է դասասենյակի»,- ասել է Ա. Հովհաննիսյանը և հույս հայտնել, որ վերանորոգված դպրոցական շենքը հնարավորություն կտա ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար: